Ի՞ՆՉ Է «ՄԱՅՐԻ»-Ն

«Մայրի» -ն մշակութային կենտրոն է, որը նախատեսված է հատուկ կարիքներով երիտասարդների և երեխաների սոցիալական ինտեգրման համար:

Նախ և առաջ կենտրոնն ապահովում է ամենօրյա չորսժամյա աշխատանք արհեստանոցներում այն անձանց համար, ովքեր արդեն ավարտել են դպրոցը: Բացի այդ կազմակերպվում են զարգացնող պարապմունքներ հատուկ կարիքներով այն երեխաների համար, ովքեր չեն ներառվել հանրակրթական դպրոցի դասարաններում: Այս ամենն իրականացվում է բուժական մանկավարժների և հոգեբանների հսկողության ներքո:

Կենտրոնում գործում են հետևյալ արհեստանոցները՝ փայտամշակման, խեցեգործության, նկարչության, կարի, խոհանոցային աշխատանքի, մոմի պատրաստման: Հետագայում կգործի նաև գորգագործության արհեստանոցը: Բացի այդ, հարկ եղած դեպքում իրականացվում է նաև թերապևտիկ աշխատանք, ինչպես նաև երաժշտության (երգ/երաժշտական գործիքների ուսուցում), պարի, թատրոնի և այլ դասընթացներ:

«Մայրի» -ն փակ հաստատություն չէ, այն գտնվում է խիտ բնակեցված տեղում և բաց է շրջապատի բոլոր երեխաների համար: Մենք իրականացնում ենք մշակութային բաց նախագծեր և այստեղ իրենց ուժերը կարող են փորձել տարբեր մասնագետներ` խնդիրներ ունեցող և չունեցող անձանց հետ:

Այս ամենն իրականացնելով՝ մենք հույս ունենք, որ հետագայում մեր սահմաններն ավելի կընդլայնվեն: Մեր նպատակը ոչ թե հատուկ կարիքներով մարդկանց զբաղեցնելն է, այլև նրանց անհատական կարողությունները զարգացնելու համար հնարավորություններ ստեղծելը, ինչպես նաև ժամանակի ընթացքում վերջնականապես փոխել հասարակական կարծիքը խնդիրներով անձանց վերաբերյալ և կոչ անել` հարգել և ուշադրություն դարձնել վերջիններիս կարիքներին։

Մենք հավատում ենք որ՝

Յուրաքանչյուր մարդ պետք է արժևորվի և հարգվի որպես անհատականություն:

Չկան անելանելի իրավիճակներ, քանի-որ ջանքերը վաղ թե ուշ կտան արդյունք, երբեմն, նույնիսկ, անսպասելի և զարմանալի: 

Հնարավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում յուրաքանչյուր հատուկ կարիք ունեցող անձ կկարողանա արտահայտել իր անհատականությունը՝ հաղթահարելով զարգացման խոչընդոտները:

Ներառական ուսուցման և անհատական մոտեցման միավորումը նպաստում է երեխայի զարգացմանն ավելի, քան դրանց առանձին կիրառումը:

Հատուկ կարիքներով երեխաների ինտեգրումը կարևոր է ոչ միայն իրենց, այլև հասարակության համար, այն զարգացնում է մեր մեջ փոխադարձ սիրո, հարգանքի և հանդուրժողականության պահանջը: